Անակնկալի եկա, շշմեցի: Հարցրի, թե իր կարծիքով ի՞նչ է եղել մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ: Եվ նա ասաց, թե իր հասկացածով՝ մենք ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ… բո՛-լո՛-րի՛ն: Այնպես չէ՞:
Ես նայեցի նրան ոտից գլուխ, ինչպես ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: Ու հաճույքով այդպես նայեցի:
- Այդպես ուրեմն,- ասացի մի երկար դադարից հետո,- ուրեմն դուք մտածում եք՝ ա՛յդ է, որ պետք է հայերին անենք… պետք է ոչնչացնենք նրանց բոլորին էլ, գլխովին:
- Ոչ, ոչ, ոչ,- ուղղեց նա:- Ինչպե՞ս եք դուք՝ լրագրողներդ սխալ հասկանում եւ սխալ մեջբերում:
Բոլորովին էլ չէր ուզում ասել, թե մենք պետք է կոտորածն ընդունենք որպես քաղաքականություն: Գիտեր, որ չենք անի, չենք կարող անել դա:
Դե լավ, ի՞նչ էր ուզում ասել, ուրեմն: Ի՞նչ պետք է անենք: Չասաց: Իրենք իրենց շուրջ պտտվող մի զույգ դերվիշների նման պտտվեց ու պտտվեց կլոր-կլոր: Հոգնեցուցիչ էր: Բայց ի վերջո հասկացա: Պետք է ինքս ասեի իր ասել ուզածը, երեւի ա՞յդ էր ճիշտը: Չուղղեց ինձ:
Որոշակիորեն ու հստակորեն չէր ուզում ասել, թե մենք պետք է գիտակցորեն ու մտածված կերպով գնանք բնաջնջելու հայերին: Բոլորովին ոչ: Պարզապես հույս ուներ կամ հավատում էր, որ ուրիշ ամեն ինչ փորձելուց հետո՝ մենք պետք է հարցը վերջացնենք այդ Բանն անելով: Ու նաեւ հիմնավոր անելով: Չթողնելով ոչ մի Ադամ ու Եվա, որ չշարունակեն Կայեն աճեցնել…
- Բայց դա սկանդալ չի՞ դառնա,- ասացի:
Կարծում էր՝ ոչ: Հիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք եւ այնպիսի համբավ ենք վայելում մեր մարդասիրության համար, որ թվում է՝ ի զորու ենք որեւէ բան անելու բանականության սահմաններում` առանց կորցնելու մեր իդեալիզմը կամ մեր բարի անունը:
- Հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականության մեջ խայտառակություն չկար, այնպես չէ՞,- հարցրեց:- Ու երբեք էլ չեք դադարել մտածելուց, թե ձեր արածը ճիշտ էր, այո՞: Նվաճել եք Մեքսիկայի մի մասը, գրավել Հավայան կղզիները, զենքի ուժով Իսպանիայից խլել եք Ֆիլիպինները եւ Պուերտո Ռիկոն, ազատագրել եք Կուբան եւ գրավ եք դրել դրա վրա, գնել եք Դանիական կղզիները, ձեր ծովային հետեւակազորը ափ եք հանել Կենտրոնական Ամերիկայում եւ զորքը մոռացել այնտեղ: Շուտով ստիպված եք լինելու վերականգնել կարգ ու կանոնը միացյալ Մեքսիկայում: Եվ սակայն,- ասաց նա, կարծեմ հիացմունքով,- դուք դեռ կողմ եք փոքր ազգերի ինքնորոշմանը: Դուք փոքր կայսրություն եք, իսկ մեզ զգուշացրել եք ձեր Մոնրոյի դոկտրինով, որ երբ պատրաստ լինեք՝ մեծ կայսրություն եք դառնալու: Եվ սակայն դուք հակաիմպերիալիստներ եք: Հենց նոր պատերազմ մղեցիք գերմանական իմպերիալիզմի դեմ, եւ…
- Դուք էլ,- արձակեցի կրակոցս:
- Օ՜հ, դա տարբեր է,- հակադարձեց նա իմ կրակոցը:- Մենք իմպերիալիստներ ենք: Մենք մեզ անկեղծորեն կայսրություն ենք կոչում եւ պարկեշտորեն կռվեցինք մեր կայսրության համար գերմանացու կայսրության դեմ: Իսկ դուք՝ դուք կռվեցիք կայսրության դեմ հօգուտ ինքնորոշման:
Կար մի կետ դրա մեջ, եւ զգացի՝ նա չարախնդորեն սպասում էր, որ դիմակայեմ դրան: Բայց հենց ուղղակի չէի կարող այդպիսի վայրկյանին, ու երբ չպատասխանեցի, նա շարունակեց.


