Blog Gallery Projects Contact

Կիրակի, Հոկտեմբեր 30, 2005

Այդ անտանելի հայերը

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 12:50 am Տպել

- Ես կարծում եմ, որ դուք՝ ամերիկացիներդ կարող եք որեւէ բան անել ու տարակուսանքի չենթարկվել ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ինքներդ ձեր կողմից: Մի սքանչելի բան կա դրա մեջ, շատ սքանչելի, աշխարհի համար օգտակար մի բան: Դա թույլ է տալիս մտածել, որ ամերիկացիներդ բուն Հայաստանում կարող էիք հիմնավորապես անել ու վստահաբար կանեիք այն, ինչ պետք է արվի այնտեղ: Կանեիք աստիճանաբար, բայց կատարելապես, առանց բաց թողնելու որեւէ մի առանձին կամ, ավելի ճիշտ, ամուսնացած հայի, եւ այդ ամբողջը առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր այն հավատքը, թե դուք … ինչպե՞ս ասեմ … դե՛հ, դուք նման չեք մեզ՝ անգլիացիներիս կամ ֆրանսիացիներին, գերմանացիներին, թուրքերին եւ, վախենամ, դույզն-իսկ նման չեք հայերին էլ: Եվ,-շտապեց ավելացնել նա,- պետք է որեւէ մեկը լուծի հայկական հարցը: Ինձ թվում է բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն եւ հաստատ գործ, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին:
Ի՞նչ էր նա թելադրում ինձ: Բրիտանական հումո՞ր էր սա: Նայեցի նրան խիստ-խիստ: Աչքն էլ չթարթեց: Նստել էր այդ փքված տեսքով, որ նկատել էի առաջ, բայց, չէ՜, մկան չի շարժվում դեմքին: Ծանր բան է անգլիացու հետ հարցազրույցը, եւ վտանգավոր: Հիշեցի, որ ասաց՝ ժխտելու է հարցազրույցը, եթե ամենաթեթեւ իսկ առարկություն լինի: Որոշեցի հենց ուղղակի փորձել նրան:

- Ինչպես հասկանում եմ,- ասացի,- ամերիկացիներս առեւտրական մշակույթ ենք, ինչպես հայերն են, ինչպես բոլոր այս հին ազգերն էլ, որոնց պետք է ոչնչացնել:

Նա գլխով արեց: Ես շարունակեցի.

- Նրանք մտածում էին, որ զարգացնում են գործարարությունը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ՝ մի ուրույն ցեղ գործարար մարդկանց, որ կախյալ են ուրիշների արտադրողական աշխատանքից, ուրիշների, որոնց նրանք չեն կառավարում հիմա, եւ որոնք ատում են նրանց, որովհետեւ նրանք կարող են որեւէ մեկին մատի վրա խաղացնել առեւտրի մեջ եւ ապրում են առանց աշխատելու, ստախոսներ են, չարաշահորդներ, մակաբույծներ՝ ամենագործնական ուղեղով եւ ամենաքրիստոնեական իդեալներով ու վարվելակերպով:

- Դուք՝ ամերիկացիներդ լավ եք խոսում,- ասաց նա:- Չեք կարող գտնել ոչ մի անգլիացու, որ այդքան հստակորեն բանաձեւեր որեւէ այդպիսի բան:

- Եթե ամերիկացիներս կարողանայինք այժմ, մեր ներկա դրությամբ, այս տեսակ մարդու զարգացման նախնական փուլում, եթե կարողանայինք, կառավարելով հայերին, մոտիկից տեսնել մեր մշակույթի կիրառման գործնական ձեւերն ու արդյունքները, եթե կարողանայինք հասկանալ, որ այն, ինչ ստուգում ու քննում ենք ներկա հայի մեջ, ապագա ամերիկացին է…

del.icio.us Digg Facebook Technorati Ask



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal