Ես պարտված էի, անօգնական, շշմած: Բարեբախտաբար նա չտեսավ իմ վիճակը: Աչքերը խոնարհվել էին: Վեր կացավ. խորը մտածմունքի մեջ էր, երբ ինձ առաջնորդում էր դեպի դուռը: Այնտեղ աչքերը բարձրացրեց:
- Գնաք բարով,- ասաց,- ես հավանում եմ ձեր տեսությունը: Գայթակղիչ է: Վախենամ՝ թե գործնականում դա չաշխատի, բայց գրեցեք դրա մասին: Թելադրական է: Զգույշ գրեցեք, ոչ շատ հստակ եւ, իմիջիայլոց, մի՛ մեջբերեք ինձ: Ես ոչինչ չեմ ասել, ոչինչ…
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Այս եւ հետագա ընդգծումները մերն են - խմբ.:
2. Հարցազրույցն արվել է 1919թ., երբ արեւմտահայությունն արդեն իսկ ցեղասպանված էր, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետությունն ընդամենը 1 տարի առաջ` Առաջին աշխարհամարտում Անտանտի դաշնակիցն էր, իսկ այդ պահին` բոլշեւիկյան Ռուսաստանի դեմ` Եվրոպայի դաշնակիցը, ի տարբերություն Թուրքիայի:
3. Սա մի տեսական դրույթ է, որ Արեւմտյան Հայաստանի հայազրկված տարածքներում գործնականում փորձեց կիրառել Մուստաֆա Քեմալը` Բալկաններից բերված մահմեդականների միջոցով, սակայն առանց շոշափելի արդյունքի. թեեւ երբեք պետք չէ բացառել, որ նման մոտեցում կկամենան որդեգրել նորից` այս անգամ` Արեւելահայստանի փոքրիկ մեր հատվածում:
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԲՆԱԲԱՆԸ
Հայ ժողովուրդը միանգամայն զրկված չէ իրերն իրենց իսկական արժեքով ու նշանակությամբ տեսնելու եւ կշռադատելու ընդունակությունից: Բայց դրա եզակի վկայությունները մնում են կղզիացած եւ առանձնացված՝ իբրեւ անհասկանալի, հալածվող բացառություններ՝ հայ կղերական դիվանագիտության կատարյալ եւ անսահմանափակ տիրապետության ներքո:
ԼԵՈ
ԵՐԿՐՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՈՏԱՑԻԱՆ
Ներկայացվող գրքույկը 1919-ին արված եւ 1931-ին հրատարակված հարցազրույց է անգլիացի առեղծվածային հետախույզ Լոուրենս Արաբիացու հետ: Հայ իրականության մեջ այս հարցազրույցի մասին հիշատակումն սկսվել է 1990-ականների սկզբից. տպագրվել է ռուսալեզու մամուլում, ինչպես նաեւ հայերեն՝ «Ազգ» օրաթերթում: Հաշվի առնելով նյութի խորքում թաքնված բազմաթիվ իրողություններ եւ մոտ 100 տարի առաջվա եւ մեր օրերի քաղաքական զարգացումների տրամաբանության նույնականությունը՝ Պահպանողական կուսակցությունը երկրորդ անգամն է այն հասցեագրում պետականության արժեքն իրապես գիտակցող քաղաքացիներին, ինչպես նաեւ դեռեւս ռոմանտիզմի մեջ խարխափող լայն հասարակությանը:


