ԹԵ ՈՒՄ ՀԵՏ Է ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾ
(Երկրորդ հրատարակության առիթով)
Ավելի քան մեկ տասնամյակի պետականության առկայությունը լիարժեքորեն ի զորու չեղավ ընտրասերելու բնական սերնդափոխությամբ ժառանգորդվող քաղաքական, մշակութային, գիտական, գործարար սրուցք, որն էլ իր հերթին ի զորու լիներ հազարամյա համայնքայինից, գետտոյականից, գաղթականից քաղաքացի կերտելու: Մենք դեռ պտտվում ենք մեր առանցքի շուրջը, որ չի ներվելու արագությունների տրամաբանությունն ունեցող ժամանակակից մոլորակի կողմից. նկատելի դանդաղ փոփոխություններով հանդերձ` մենք շարունակում ենք որպես ավետարանական վատ եւ չար տնտես` կանգնած մնալ դուրս նետվելու ամենաիրական վտանգի առջեւ: Մենք դեռեւս անհրաժեշտ խորությամբ չենք գիտակցել անկախության` միակ արժանապատիվ կեցաձեւի արժեքը, մենք կրակն ենք ընկել Աստծո մեծագույն շնորհի` Ազատության ձեռքը:
Փաստ է, որ գրեթե նույնությամբ կրկնելի են ավելի քան 1500 տարի առաջ Պատմահոր արձանագրած` «ժառանգությունից փախչողի» մեր կերպը, Տերյանի, Լեոյի եւ այլոց բնորոշումները: Բազմապատիկ ցավալի է այն, որ չի ստում եւ ճշմարտություններ է բարբառում Լոուրենս Արաբիացին. չենք կարծում, թե հայերիս կոտորելու մասին ասվածները քաղաքակիրթ բրիտանացու ցանկությունն են, հակառակը` դրանք ահազանգ են մեզ սպասվող վաղվա մասին: Սա մի գործ է, որի ոչ միայն տողերը, այլեւ տողատակն է պետք տեսանել…
Սկսված գլոբալ տեղաշարժերը չեն շրջանցելու մեզ, ինչպես երբեւէ չեն շրջանցել` դրականորեն կամ բացասաբար: Մենք եւս մոլորակի մարմնի մի մասն ենք, ուր անհնար է, որ մարմնի մի անդամի հիվանդության պատճառով չտնքա, չջերմի ամբո՛ղջ մարմինը, չխանգարվի ամբո՛ղջ մարմնի նորմալ կենսավիճակը, որ մարմնի մի առանձին անդամը չաճի կամ հիվանդագին գերաճ ունենա. դա չի ներվում: Այս պարագայում մարմնի բնական իարվունքն է ինքնապաշտպանությունը. եւ դա 1700-ամյա քրիստոնյա ազգը պարտավոր է ուսանած լինել. Քրիստոսն է ասում. «Եթե խանգարում է քո աչքը կամ ձեռքը, ապա կտրիր եւ դեն նետիր, որովհետեւ ավելի լավ է` կորցնես մարմնիդ մի անդամը, քան ամբողջ մարմինդ»: Այդպես էլ վարվում են եւ՛ անհատները, եւ՛ ժողովուրդները. հենց այդպես էլ վարվեցին մեզ հետ, 1915-ին…
Կրկնենք մեկ անգամ եւս. եթե սերտենք պարբերաբար հուշվող ու չսերտած այս դասերը, ապա ամեն ինչ չէ, որ կորած է: Միայն թե ավյուն, նվիրում ու արագություններ են անհրաժեշտ. իսկ Աստված հենց այնտեղ է, ուր այդ որակներն են:
Մ.Հ.
2004.


