ԱՅԴ ԱՆՏԱՆԵԼԻ ՀԱՅԵՐԸ
(Լինկոլն Սթեֆընսի հարցազրույցը Լոուրենս Արաբիացու հետ)
Դա ի՛մ հարցազրույցն էր: Թեւե հյուրանոցի իր ապրած սենյակում էր, բայց ինքս էի խնդրել տեսակցությունը, եւ իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային եւ Մերձավոր արեւելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Սկզբում կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն, մի տեսակ ցնցվելով կռահեցի, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, եւ որ այդ նպատակն էր` իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական պրոպագանդով: Ահա այդ էր, որ կռահեցի: Ուրիշ բաներ էլ: Ես` սկզբունքներով անկախ անհատս, շշմել էի եւ բավական նվաստացած էի զգում ինձ` ինչու՞ մենք՝ ամերիկացիներս, պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերին հոգալու եւ ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից եւ հենց իրենցից էլ, այլեւ, մի տեսակ, ինքներս էլ մեզնից եւ նրանցից փրկելու:
Նա ասաց, օրինակ, որ հայերը «մարդկային անտանելիության վերջնական խոսքն են»: Որպես ցեղ՝ ակադեմիկ բանավեճում նրանք համանման են «վերջին մարդուն»:1 Իսկ ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար՝ ազգերի մեջ ամենանվաստացվածը անդիմադրելի հմայք ուներ եւ ունի. այդպես էլ ասացի նրան:
Անգլիական հումորը մերինի նման չէ: Հակառակն է: Ամերիկյան հումորը, գոնե մասամբ, ասվածի մեջ է: Բրիտանական հումորը բրիտանացու չասածի՛ մեջ է: Այս բրիտանացուն ակնհայտորեն շատ դուր եկավ իմ ասածը: Ինձ թվաց, որ նա ուրախությամբ ծիծաղելու է կամ նման մի բան: Բայց նա փքվեց Բրիտանական կայսրության չափ, ասես պայթելու էր: Սակայն չպայթեց, չծիծաղեց, չասաց որեւէ բան, որ հումորի դույզն-ինչ նշան ցույց տար: Երկար դադարից հետո միակ խոսքը, որ ասաց, այս էր.
- Լավ:
Եվ ապա, կրկին մի դադարից հետո, երբ վերագտել էր իր ինքնատիրապետումը, մեր ամերիկյան իդեալիզմի մասին խոսեց լրջորեն, ավելի ճիշտ՝ բավական տաղտկալիորեն. թեւ ինքը համարում էր, որ դա սքանչելի է: Իսկ ըստ իս՝ մի քիչ չափից ավելի էր սքանչելի համարում: Կարծում էր, թե մենք՝ ամերիկացիներս չափից ավելի իդեալիստ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: Ուստի մեկս մյուսին կարող ենք շտկել, մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք՝ մեզ համար: Երկուսս էլ հուսահատական պարագաներ ենք, մանավանդ հայերը:
Ես այնպես եզրակացրի, որ նա մի անասելի համակրանք ունի հայերի հանդեպ, կամ էլ, ավելի ճիշտ այսպես ասեմ՝ նրանց վերաբերյալ ունի մի այնպիսի իմացություն կամ փորձառություն, որ նրան թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին եւ հայերի բոլոր մերձավոր հարեւաններին, որոնք երբեւէ ջանացել են ոչնչացնել այդ որբ ցեղը: Կարծես թե նրա մտքինն այն էր, որ դա հայերի հանդեպ անելիք միակ բանն է: Ուղղակի այդպես չասաց: Կարող եք նկատել, որ շատ էլ ազատորեն չեմ մեջբերում այս հեղինակության խոսքերը: Պատճառն այն է, որ նրա մեթոդը, ինչպես երեւում է, ոչ թե իր կողմից որեւէ բան ասելն էր, այլ ստիպել ինձ, որ իր տպագրել ցանկացած բաները ե՛ս ասեմ եւ` այնպիսի ձեւով, որ անհրաժեշտության դեպքում կարողանա ժխտել դրանք: Ուստի նա չասաց, թե հայերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: Պարզապես իմ մեջ այնպիսի տպավորություն ստեղծեց այն ժամանակ, թե դա է հայկական հարցի միակ լուծումը, եւ թե այդ պատճառով էր ցանկանում, որ ամերիկացիներս մեզ վրա վերցնենք այդ գործը:
Նա այնպես էր համարում, կամ ինձ էր ստիպում համարել, թե թուրքերը չպետք է անեն այդ գործը. նրանք չափազանց պրիմիտիվ են եւ` քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները. սրանք էլ շատ են հաճույք զգում դրանից եւ արդյունավետ չեն. երբեք որեւէ բան մինչեւ վերջ չեն հասցնում, եւ երբ հայերին սպանելու իրենց գեղագիտական հաճույքը հագենա, ձեռք կքաշեն: Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, ախոյան ցեղերը դադարեցրել են գործը՝ նախքան բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը կատարելու, միշտ էլ թողնում էին մի զույգ այստեղ, մի զույգ այնտեղ՝ Ադամ ու Եվաներ, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ այնտեղ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր, բոլորը հեզ ու համեստ, բայց ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնորեն բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով ու…


