Նա ինձ վրա ոտից գլուխ տարածեց իր մալթուսական հուսահատությունը եւ մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի իր ամբողջ որոգայթը ամերիկա-հայկական մանդատի վերաբերյալ, երբ իմ փրկարար ամերիկյան հումորը շունչս տեղը բերեց:
- Բայց ինչու՞ հենց բրիտանացիներն էլ չանեն այդ գործը,- հարցրի եւ, ակնկալելով իր հումորի զգացումը, ժպտացի: Իզուր: Կարծում եմ` ամերիկյան հումորի զգացումը նա չուներ. սպասեց, որ իմ զվարթ ժպիտը չքանա, ու հետո երբ տեսավ, որ ես իմ մեջ եմ քաշվել նորից եւ լրիվ լուրջ եմ, պատասխանեց ինձ լրջորեն:
- Հայերի լիակատար կոտորածը,- պատճառաբանեց,- կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն,- ու բացատրեց, որ թեպետ իրենց կայսրությունը դիմացավ որոշ այդպիսի ցնցումների եւ պետք է, անշուշտ, դիմանա ուրիշ ցնցումների եւս, բայց չափից ավելին, հենց ա՛յս ժամանակ2, կարող է սասանել կայսրությունը:- Իսկ կայսրությունը, հենց ա՛յս օրերին, չպետք է սասանվի անհարկիորեն: Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները՝ պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլեր, համաճարակներ եւ այլն, հետեւանք են այն իրողության, որ երկրագունդը թեեւ ամբողջություն է, բայց չի կառավարվում որպես ամբողջություն: Բրիտանացիները մի օր պիտի վերջ տան այս անիշխանականությանը: Բայց կայսրությունը երիտասարդ է տակավին եւ հարաբերաբար փոքր, թույլ եւ գերծանրաբեռնված: Հաշվի առեք մայր կղզիները, գաղութային ռազմավարական կետերը, ծովերը եւ առեւտրական ճանապարհները, բոլոր այն նոր ծանրություններն ու պատասխանատվությունները, որ Բրիտանական կայսրության ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտությամբ: Ո՛չ: Բրիտանական կայսրությանը պետք է խնայել առայժմ: Հետագայում, երբ, այսպես ասած, ծովերի ազատությունը ցամաք հանվի, եւ երբ բրիտանական իշխանությունն ալիքներից տարածվի ցամաքի վրա, բոլո՛ր ցամաքների, ապա Մեծն Բրիտանիան կկարողանա, եւ պետք է կարողանա ուրախությամբ ընդառաջ գնալ հաղթահարելու մի այնպիսի ցնցում, որ ես (նա հենց այդպես էլ ասաց՝ «ես») առաջարկում էի Հայաստանում: Բայց ո՛չ դեռ, ո՛չ այժմ: Ո՛չ կայսրության դեռ մանուկ հասակին:
- Բացի այդ,- հարեց նա,- բրիտանական իմպերիալիզմն այս փուլում շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով՝ որպես այդպիսիք: Անգլիացիները գործնական մարդիկ են, ո՛չ իդեալիստներ, հասկանու՞մ եք: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային մի կառավարություն պետք է հիմնվի, բայց ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի նման` գաղափարների եւ իդեալների, սկզբունքների եւ ժողովուրդների վրա, այլ շոշափելի բաների՝ նավթի, հանքանյութի, օդային տարածության, ծովերի:
- Բայց,- առարկեցի ես (եւ կարող եք տեսնել, թե ուր էր հասցնում նա ինձ. առարկում էի հօգուտ իր երկրի՝ իմ երկրին ընդդեմ),- հարուստ հողեր եւ շահավետ հանքավայրեր կան Հայաստանում:
Նա լուռ մնաց: Այնքան երկար մնաց այդպես լուռ, որ ինձ թվաց, թե շփոթության եմ մատնել նրան, թե նա չգիտեր Հայաստանի հարստությունների մասին: Բայց կրկին նկատեցի ուռչելու եւ պայթելու նրա հակումը: Եվ որքա՜ն էի ցանկանում, որ նա ծիծաղի: Կարծում եմ՝ դա կթեթեւացներ ինձ էլ, նրան էլ: Բայց ոչ, նա չծիծաղեց: Չժպտաց նույնիսկ: Պարզապես սպասեց, ինչքան կարող էր, ապա ինձ հիշեցրեց, որ լսած կլինեմ, ինչպես, ասաց, ինքն էլ է լսել, թե Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ՝ հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը:
- Բայց,- դարձյալ առարկեցի ես,- ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, մի խոսքով բնական հարստությունները,- համբերությամբ բացատրեցի նրան,- ոչ մի օգուտ չեն տա կապիտալին` առանց այն աշխատուժի, որ պետք է փորի ու զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը, լավագույնը:


