Blog Gallery Projects Contact

Կիրակի, Հոկտեմբեր 30, 2005

Այդ անտանելի հայերը

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 12:50 am Տպել

Տեսնում էի՝ տաղտուկ է զգում, բայց քաղաքավարի էր: Լսում էր ինձ, ուստի իրար ետեւից օրինակներ էի բերում ամերիկյան, ինչպես նաեւ բրիտանական գաղութներից՝ նրան ցույց տալու համար, որ սխալ է անջատել մի երկրի ժողովրդին այդ երկրի բնական հարստություններից: Պետք է միասին օգտագործվեն դրանք, միասին զարգացվեն, եւ այդպես էլ արվում է սովորաբար: Չկա ուրիշ ճանապարհ: Նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի դրամատերերի կամ որեւէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, երբ կջանան օգտագործել Հայաստանի հարստությունները: Այսպես պերճախոսում էի, ու մի պահ թվաց՝ բավականին հաջող:

- Ես կոչ եմ անում,- գոչեցի վերջապես,- ոչ թե գաղափարապաշտորեն, ոչ թե «Հայաստա՛նը հայերի համար», այլ գործնականորեն՝ «Հայե՛րը Հայաստանի համար»:

Նա ինձ նայում էր ոտից գլուխ չափելով, հետաքրքրությամբ՝ ինձ թվաց: Կարծես մի նոր պատկերացում էր ստանում ամերիկացիներիս մասին: Ասել էի, որ չգիտե մեզ, եւ նա թե՝

- Որեւէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որեւէ անգիտակից ամերիկացու:

Շատ էլ չեմ ըմբռնում, թե ինչ էր ուզում ասել դրանով, բայց դրա նման դատողություններն էին, որ ինձ տալիս էին այն խռովիչ տպավորությունը, թե նա բոլորովին սխալ էր պատկերացրել մեզ: Ու որոշեցի ցույց տալ նրան, նախքան հաշիվները կմաքրեր ինձ հետ, թե ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի զուտ իդեալիստներ, ինչպես նա եւ շատ եվրոպացիներ հետեւցրել են այն մի օրինակից, որ նախագահ Վիլսոնն է եւ նրա 14 կետերը: Բայց նա չափազանց երկար ու լուռ ուսումնասիրում էր ինձ: Սկսեցի մտածել, որ ինչ-որ սխալ էր գտնում իմ մեջ կամ մեր մեջ. գուցե ես շա՞տ էի թեքվել գործնականության կողմը, ու հիշեցի, թե ինչպես էր նա հայերին կշտամբում դրա համար: Ուստի դարձ կատարեցի: Ավելի գաղափարապաշտորեն եւ, հուսով եմ, հայրենասիրաբար խոսեցի կրկին:

- Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի,- նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը: Նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու:

- Այո, այո, մենք հասկանում ենք այդ բոլորը,- ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլլոգիզմը:

- Լավ,- ասացի պատշաճորեն,- ուրեմն պետք է դրանում տեսնեք նաեւ հենց այդ նպատակը. որպեսզի հայերին ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու, պետք է աշխատեցնենք նրանց: Ու քանի որ չես կարող մի ժողովուրդ աշխատեցնել առանց մի այնպիսի բանի, որի վրա աշխատեցնես, մենք կարիքը կունենանք Հայաստանի հողերի եւ հանքերի: Ոչ թե հարստությունները կորզելու համար նրանցից, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, ուր ժողովրդին վարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության եւ… բոլոր այն քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանց դարձնենք լավ մարդիկ եւ լավ քաղաքացիներ:

Շփոթահար, ուռած տեսք էր ընդունել նա: Չգիտեի՝ ինչ է պատահել նրան, մինչեւ որ վերջապես որոշեց արտահայտվել:

- Խնայասիրությունը չի պակասում հայերին,- ասաց նա չոր,- եւ անշուշտ գիտեք, որ քրիստոնյաներ են նրանք, երդվյալ քրիստոնյաներ:

Իհարկե գիտեի: Պարզապես, ոգեւորությանս մեջ, մի պահ մոռացել էի այդ բանը: Համենայն դեպս նա ինձ բռնել էր այդ կետում, ուստի վերադարձրեց ինձ իմ շրջանի սկզբին:

del.icio.us Digg Facebook Technorati Ask



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal