Blog Gallery Projects Contact

Կիրակի, Հոկտեմբեր 30, 2005

Այդ անտանելի հայերը

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 12:50 am Տպել

- Բայց,- ասացի,- հայերը պետք է աշխատեն: Դա՛ է հաջողության գաղտնիքը, լինի անհատի, լինի ազգի համար՝ աշխատանք, համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պե՛տք է ունենան Հայաստանը՝ դրա վրա աշխատելու համար:
- Հայերը չեն աշխատելու,- ասաց նա:- Դա՛ է ցավոտ կետը ձեր ծրագրում, դա՛ է հայերի էլ ցավոտ կետը: Ճիշտն ասած, դա է ցավոտ կետը բոլոր այս հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը եւ, մի ժամանակ տիրած լինելով աշխարհին եւ աշխատեցրած, կորցրել են իշխանությունը եւ դեգրադացվել, ինչպես դուք եք ասում: Կամ էլ, ինչպես ես եմ ասում, շարունակել են, առաջ են գնացել՝ տրամաբանականորեն, հոգեբանորեն, բնախոսականորեն: Նրանք չեն սիրում համառ, եռանդուն աշխատել: Դա է, որ նրանց տարբերում է այն երեխայանման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Նախնական ժողովուրդները պարզապես ծույլ են: Նրանց կարելի է ստիպել աշխատելու, զարգանալու, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք: Մի որոշ հույս կա նրանց համար, մի որոշ օգուտ նրանցից: Իսկ այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը ծույլ չեն: Նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են՝ բնազդական, բնածին, անուղղելի, անհուսալի շահագործողներ: Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից, նրանք մարդ են աճեցնում: Նրանք խոսում են իրեց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն են զարգացնում իրենց: Իսկ հին ազգերը ցույց են տալիս մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կազմավորում են իրենց մոտ: Այս հին ժողովուրդները բնաշրջության արդյունք են: Դուք կարող եք Միջերկրականի ափերին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, աճեցնում, բնաշրջում եք ձեր հայրենիքում: Հին ցեղերից նրանք, որ այստեղ ապրում են դեռ, վերապրածներն են մի քաղաքակրթության, որ բնույթով առեւտրական էր, ինչպես ձերը:

- Մերը,- ուղղեցի ես, անգլիացիներին էլ մտցնելու համար խնդրի մեջ: Նա ուղղակի վրա տվեց:

- Դուք՝ նոր ազգերդ պետք է սովորեք հին ժողովուրդների օրինակի վրա,- կրկնեց նա,- որ նախկին մեծ ու նախկին հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական եւ անխուսափելի արդյունքն են արհեստական այն ընտրասերման, որը կատարվել է մի այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպներին, ճնշում զանգվածին, խեղդում է ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն եւ պաշտամունքացնում հեզին, միջակին, խորամանկին, նրբամիտին ու խնայասերին, որովհետեւ սրանք առեւտրական առումով պիտանի են: Արդի հույներն ուղղակի ժառանգներն են հելլենների եւ իրենց տհաճ հատկանիշներն այն տեւական գծերն են, որ ծագում են հին հունական մշակույթից, ինչպես իրականում կենսագործում էին հին հույները: Ո՛չ այնպես, ինչպես մեծ, բացառիկ հույները խոսում, երգում ու կերտում էին այդ մշակույթը, այլ հենց այնպես, ինչպես միջին հույները կենսագործում էին գործարարությամբ, ուզում եմ ասել՝ այն հույները, որոնք Սոկրատեսին մահվան դատապարտեցին: Արդի եգիպտացիները, ինչպիսիք ժառանգել ենք բրիտանացիներս, եգիպտական մշակույթի ամենահեռու˜-հեռավոր փոքր ծոռներն են, իրենց ապուպապերի երեխայանման աշխատանքով այնքան գեղեցկորեն կերտված Սֆինքսի հանելուկին ուշացած պատասխանը: Այսօրվա արաբը հին, փառավոր Արաբիայի արվեստներից, բարքերից, գործարարությունից զուրկ է. նա անապատի փոշին է…

Նա կանգնեցրեց իմ մի նոր առարկությունը՝ կանխելով.

- Հնադարյան հույները, նաեւ եգիպտացիները, սիրիացիները, վերջապես թուրքերը եւ մյուսները՝ նրանք էլ իրենց հանճարներն ունեին, իրենց բանաստեղծներն ու արվեստագետները, իրենց զորավարները, որոնք հետամնաց ժողովուրդներ էին նվաճում, ունեին իրենց արդյունաբերական ղեկավարները, որոնք աշխատանքով էին ապահովում, իրենց սեփական աշխատուժն էլ ունեին: Բայց ընտրասերյալները, ազնվապետությունները, հարստապետությունները չհարատեւեցին: Նրանց հետնորդները ժառանգորդներ չեղան, չվերապրեցին նույնիսկ: Հաջողակների, հարուստների, հզորների, առանձնաշնորհյալների զավակները գրողի ծոցը գնացին, եւ նույնը լինելու է ձեզ մոտ: Եվ աշխատուժի էլ հաջորդական սերունդները, աշխատանքով գերծանրաբեռնված, թերսնված, վհատված եւ խիստ կարգ-կանոնի ենթարկված, բութ ստրուկների վերածված, մեռան կամ ոչնչացվեցին: Պարզվեց ու պարզվում է, որ միջին դասակարգն է ունակ վերապրելու այդ կերպ կազմակերպված հասարակության մեջ, այդ ստոր միջին դասակարգը: Ուստի ամբողջ հին աշխարհն այժմ տեսնում եք, փաստորեն, միայն բիզնեսմեններով բնակված, մանր բիզնեսմեններով՝ վաճառականներ, առեւտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, ո՛չ արտադրողներ: Նրանք զբաղված են գնել-ծախելով. ու սերված լինելով գնող-ծախողներից, առեւտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերվելով` նրանք լավ գնող-ծախողներ են: Կարող են գնալ աշխարհում որեւէ տեղ առեւտուր անելու, բայց ո՛չ ստեղծելու, ո՛չ կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու եւ աշխատելու: Նրանց այն եղբայրները, որոնք այս բաներն էին անում, անզավակ մեռյալներ են: Ո՛չ, միայն ամենազուտ, ամենախորամանկ առեւտրականներն են ապրում, եւ նրա՛նց ենք գտնում ամեն տեղ, նրանք սողոսկում-թափանցում են ամենուր: Մեր գաղութներում, Հարավային Ամերիկայում ես հանդիպել եմ արաբների, որոնք փերեզակություն են անում, առեւտուր են անում, հարստանում են: Իսկ ինչ վերաբերում է սիրիացիներին, հույներին, հայերին…

del.icio.us Digg Facebook Technorati Ask



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal