- Եվ հրեաներին,- հուշեցի: Անտեսեց:
- Իմ այս հին ժողովուրդները,- ասաց,- կգնան ցանկացած տեղ, ուր աշխատավորներ կան աշխատեցնելու, խորամանկորեն կխիզախեն՝ հեզորեն տառապելով, դրամ խնայելով, գործ անելով: Այո՛, նրանք գործ են անում: Այնպես են գործ անում, որ աշխատավորն այդպես չի աշխատի: Այնպես են գործ անում, ինչպես բիզնեսմենը միայն կանի՝ հարատեւորեն, համառորեն, մնալով հենց միայն շահի նեղ լուսանցքում: Բայց,- շեշտեց նա,- չե՛ն աշխատի նրանք: Չե՛ն կարող: Չեն կարող հասկանալ «աշխատավարձի համար աշխատելու» դրույթը: Դա բնազդ է նրանց մեջ, մի գիծ, մի ուշիմություն, որ զարգացվել է հաջողված ընտրասերումով, ինչպես որսորդության ուրույն գծեր ենք զարգացնում որսկան շների այս կամ այն ցեղի մեջ: Նրանք իրենց արյան մեջ իսկ գիտեն, որ աշխատավարձով, նույնիսկ բարձր աշխատավարձով աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հաջողության հասնել ու հարստանալ: Ոչինչ չկա, ոչինչ չի կարող լինել աշխատավարձի որեւէ հնարավոր բարձրության մեջ՝ ո՛չ շահույթ, ո՛չ դրամագլուխ, ո՛չ բաղադրյալ առաջատվություն: Նրանք չեն էլ խոսում դրա մասին, դա շատ ակնհայտ է նրանց համար, դա նրանց կյանքն է: Նրանք խելոք են, ինչպես հին մի ցեղ կարող է խելոք լինել՝ որսալու խաղին պատրաստ: Քոթոթի իրենց աչքերը բանալու պահից արդեն տեսնում են արարող աշխատանքի անհեթեթությունը: Անելիքը՝ միայն դիտել ու սպասելն է մինչեւ հարստությունն արտադրվի, ու հետո, մի կերպ, արտադրողից այն ձեռք բերելը: Եվ նրանք գիտեն՝ ինչ կերպ անեն այդ բանը, ինչպես կենդանին գիտե իր կենդանական գործը եւ բույսն էլ գիտե իր բուսական գործը՝ բնազդով: Ուստի կզբաղվեն բժշկությամբ, իրավաբանությամբ, ցանկացած այլ մասնագիտությամբ էլ, որ բիզնեսի նման ձեռք է բերում այս կամ այն շահաբաժինը հասարակական ընդհանուր հարստության ավարտված, վերջնական, դրոշմված ձեւից, երբ հասարակ ժողովուրդն արդեն ստեղծել է այդ հարստությունը: Իսկ դուրս գալ ու ճակատի քրտինքով արդյունահանել երկրի հումքը եւ մշակելով վերածել շուկայական ապրանքների՝ ոչ: Հին ժողովուրդները չեն հանդուրժում անել այդ բանը, իսկ ինչ վերաբերում է ձեր հայերին՝ նրանք պարզապես չե՛ն անի:
Լռեց մի պահ, դիտելով ինձ, ու երբ տեսավ, որ ինքս չեմ դիտում իրեն, իր պրոպագանդի սլաքներից դեռ մի քիչ էլ արձակեց ինձ վրա:
- Հայերը,- ասաց,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից:
Ես կրկին տվի իմ թեկնածուի անունը:
- Հրեանե՞րը,- արձագանքեց:- Առաջ էլ ասացիք նրանց մասին, եւ ես գոհ զգացի: Դա ցույց տվեց, որ գեթ մի նշույլ ընկալում եք հին ցեղերի մասին իմ ասել ուզածից: Քիչ ճամփաներ անցած մարդու համար հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, եւ այո՛, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության: Բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ ավելի վատ, որ նրանք ստեղծագործող էլ են, հնարամիտ ու սենտիմենտալ: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Անկատար են նրանք: Քաղաքակրթության անավարտ մի արդյունքն են, կիսատ մնացած: Ես հասկանում եմ, թե ինչու իրենց հանդեպ վախ ու ատելություն են հարուցում նրանք. ունեն ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն: Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների հետ, որոնց մասին խոսում եմ: Չէ՞ որ իմ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել ձեր այդ հրեաներին կամ չեն թողել, որ գործ անեն իրենց մոտ: Նրանք չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների վզին: Իրենց լավ են զգում Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում եւ անշուշտ՝ Միացյալ Նահանգներում. այո՛, այո՛, նրա՛նք: Բայց չինացիները, օրինակ, չինացիները կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետ ձուկը փոքր ձկներին: Մեր շոտլանդացիները ողջ-ողջ քերթում են նրանց: Այդպես են անում արաբներն էլ, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերում է հայերին…


