Blog Gallery Projects Contact

Կիրակի, Հոկտեմբեր 30, 2005

Այդ անտանելի հայերը

Գրված է Ոչ բաժինավորված ենթաբաժիններում — Հակոբ Գեւորգյան @ 12:50 am Տպել

Շունչ քաշելով, շարունակեց.

- Հրեաներն իրենք այնպես են զգում հայերի հանդեպ, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաների հանդեպ են զգում. ճիշտ նույն կերպ էլ հույները, թուրքերը եւ բոլոր այն մյուս ցեղերը, որոնք երբեւէ գործ են ունեցել հայերի հետ: Զգում են, որ հայերը բոլորին էլ աշխատանքի կլծեին: Ու կլծեն: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները, առավել՝ բոլոր մյուս ցեղերի էլ բոլոր հատկանիշները, եւ բացի այդ՝ քրիստոնյաներ են:

Կանգ առավ, ոչ թե ասելիքի համար բառեր գտնելու, կրթված անգլիացին, ենթադրում եմ, լավ գիտի անգլերենը: Ավելի ճիշտ՝ կարծես խուսափում էր իր եզրակացությունն ասելուց, նախընտրելով ինձ ստիպել, որ ինքս բռնեմ իր եզրակացությունը, քան թե իր բերանից մեջբերեմ: Ու քանի որ խայծը չէի կլլել, նա տաղտկալիորեն շարունակեց՝ եւս մի պատեհություն տալու ինձ:

- Հայերը,- ասաց,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Իրենք չեն աշխատի, որ մշակեն երկիրը, նույնիսկ ոչ իսկ հօգուտ իրենց: Ուզում են այդ հողերը, այո, բայց միայն սեփականատերը լինելու համար: Մինչեւ իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնագրությամբ վարձու կտան ուրիշներին՝ գործը վարելու: Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթեր առնել-ծախելով ձեռք բերված շահի եւ դրամագլխով ու աշխատուժի կիրառմամբ վաստակված դրամի:

- Շատ մարդիկ կան այդպես,- ասացի:- Միայն հայերը չեն:
- Տեսնում եմ, որ դուք դեռ չեք ըմբռնում բուն խնդիրը,- ասաց նա:- Իրոք, ուրիշներ էլ կան, որ կուզենային այդպես անել: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ գալիս են դրան, մանավանդ մեր այսպես կոչված բարձր դասի այն դժգոհները, որոնք գնում են գաղութներ կառավարելու, բայց ինքնամփոփվում են՝ իրենց համար «Փոքր Անգլիա» ստեղծելով տեղում: Նրանք կուզենային ոչինչ չանել, բայց չեն կարող: Անվնաս են նրանք: Կուզենային ոչինչ չանել, բայց ծախսել: Ու ծախսում են իրոք, հասկանում եք: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող: Բայց ձեր այդ հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու եւ ավելի ու ավելի ձեռք բերելու համար: Դարերով բնաշրջություն է պետք՝ իսկական առեւտրական ոգու այդպիսի կատարելություն զարգացնելու համար, իսկ բնաշրջությունն աստիճան առ աստիճան զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եթե նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Ա՛յդ է, որ գիտեն թուրքերը եւ սարսափում են, եւ հույներն էլ եւ… մենք բոլորս, որ գիտենք նրանց: Ուրեմն…

Նա կրկին ինձ վրա էր գցում, որ ասեմ եզրակացությունը, բայց ես չէի ուզում ասել: Ուստի խթանեցի նրան.

- Ուրեմն…- ասացի:

- Ուրեմն,- պոչը թեքեց նա, ինչպես ամերիկացիներս ենք ասում կոպտորեն,- ուրեմն պետք է բաժանենք նրանց՝ Հայաստանի վրա մի մանդատ, հայերի վրա` ուրիշ մանդատ:

del.icio.us Digg Facebook Technorati Ask



Go To Project Gutenberg

Get Firefox!



HAY.am - Armenian Portal