- Ուրեմն,- դիմադարձեցի ես,- դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ՝ ամերիկացիներիս: Շատ լավ: Երկու հարց է ծագում: Ձեր դաշնակիցը ի՞նչ կարող է անել Հայաստանում առանց աշխատուժի: Ու վերջապես ի՞նչ կարող ենք անել ամերիկացիներս հայերի հետ առանց Հայաստանի:
- Օ՜,- ասաց,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում եւ Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց. ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան եւ աշխատանքի լծել: Աշխատուժի պակաս չկա:3
- Ուրեմն դա կլուծի բրիտանական, գործնական խնդիրը,- ասացի:- Գանք իդեալիստական` ամերիկյան խնդրին: Ի՞նչ պետք է անենք հայերի հետ:
Չէր ուզում ասել: Իր բրիտանական հումորը կամ իր դիվանագիտական զգուշավորությունը եւ կամ չգիտեմ ինչը չէր թողնում նրան ասել: Խուսափելով խոսեց այն մասին, թե ասիական աշխատուժի ու եվրոպական կապիտալի համար վտանգավոր է հայերի ներկայությունը որեւէ այնպիսի վայրի մոտ, ուր հանքեր ու հողեր են մշակվում:
- Ուրեմն,- ասացի ես, ոչ առանց մի քիչ (ամերիկյան) հումորի:- Ուրեմն…
Մի ստվեր անցավ աչքերում, բայց ոչ ձայնի մեջ: Կրկին զվարթորեն խոսեց «ամերիկյան իդեալիզմի» մասին: Հոգնել էի այդ բանը լսելով, սոսկալի ձանձրացել, բայց դրա մասին խոսել նա սիրում էր: Բայց այս անգամ մի քիչ փոխեց երգի բանալին: Երիտասարդ կոչեց ամերիկացիներիս, ասաց, որ մենք դեռ անփորձ ենք ուրիշ, ավելի հին ցեղեր ղեկավարելու մեջ: Եվ ուրեմն, անտարակույս, հակված ենք խստորեն դատելու բրիտանացիների եւ այլ գործնական կառավարիչների գաղութային վարմունքը, որոնց ամենախղճմիտ գործակալն անգամ երբեմն անհրաժեշտ էր գտնում սպանել կամ ուրիշ կերպ Աստծո վախը ներշնչել ենթակա մի ժողովրդի փոքրամասնությանը՝ մեծամասնության ընդհանուր շահի եւ ներդրված կապիտալի ապահովության համար:
- Դուք չեք գիտակցում,- եզրակացրեց նա,- թե որքան դժվար ու նրբին խնդիր է մի տարօրինակ, մի օտար ժողովուրդ կառավարելը:
- Սխալվում եք,- ջղագրգռված ասացի ես ու կրկնեցի մեղադրանքս, թե նա չգիտե մեզ:- Դուք նույնքան անտեղյակ եք իմ ժողովրդի մասին,- հայտարարեցի,- որքան ասում եք, որ մենք ենք անտեղյակ եվրոպացիների, թուրքերի, հայերի եւ մյուսների մասին:
Ի ցույց բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սանդվիչյան կղզիները, բոլոր այն օտար երկրները, որ կառավարում ենք հաջողությամբ: Ու հիշեցրի նրան, որ ամեն տեսակ օտարականներ ունենք հենց մե՛ր մեջ: Առանց պատճառի չէ, որ Միացյալ Նահանգները ձուլարան են կոչել: Ինչ օտարականներ ասես չունենք այնտեղ: Նույնիսկ նրա հայերին ենք աշխատեցրել: Պնդեցի, որ մենք էլ մեր դժվար գործն ենք արել, ինչպես որեւէ կառավարություն երկրագնդի երեսին` չբացառելով բրիտանացիներին էլ: Եվ համոզելու համար նրան, որ մենք գործնական ենք, պատմեցի, թե տեսել եմ՝ ինչ է արվել օտար աշխատուժի նկատմամբ մեր Նոր Անգլիա նահանգներում, հարավային նահանգներում, մեր արեւմուտքում եւ ամենուրեք: Բայց պատահեց, որ հիշատակեցի նաեւ մեր սեփական բնիկներին՝ ամերիկյան հնդկացիներին:
Հենց դրա վրա էլ նա ուղղակի վեր թռավ:
- Ա՛յդ է ահա,- գոչեց:- Ա՛յդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունն այն է, ինչ պետք է հայերի հանդեպ:


