Jul 3





The following content is taken from the Azg.am Azg Armenian Daily newspaper. It is about American-Armenians who have lived in the United States since the 16th Century and who have participated in 1776 for the independence of the United States of America.

ՀԱՅԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Նվիրվում է բրիտանական գաղութատիրությունից Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախացման 230-ամյակին (1776 թ. հուլիսի 4)

Հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով: Նոր երկրում կարճատեւ կամ տեւական բնակություն հաստատած հայերն սկզբից եւեթ իրենց առօրյա չարքաշ աշխատանքով խաղաղ պայմաններում նպաստել են նորաստեղծ պետության առաջընթացին, իսկ պատերազմական տարիներին նաեւ իրենց կյանքը նվիրաբերել երկրի պաշտպանության ջանքերին` մասնակցելով մղված ամերիկյան գրեթե բոլոր ռազմական գործողություններին:

Դեռեւս XVII դ. սկզբից Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղեւորված վերաբնակիչների թվում էին նաեւ առաջին սակավաթիվ հայերը: Այսպես, ըստ ամերիկացի պատմաբան Լ. Ադամիքի, 1607 թ. Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության կողմից Ամերիկայի հյուսիսում՝ Ջեյմսթաունում, հիմնված Վիրջինիայի գաղութը նույն թվականին բնակեցվել է լեհ, գերմանացի եւ հայ աշխատավորներով, որոնք եկել էին գաղութի «պատվար ու փրկիչ», քսանյոթամյա կապիտան Ջոն Սմիթի հետ՝ նրա հրամանատարության տակ չորս տարի Հունգարիայում թուրքերի դեմ կռվելուց հետո: Նրանք մասնակցել են նաեւ հնդկացիների դեմ գաղութատերերի մղած կռիվներին՝ նպաստելով նորաստեղծ Վիրջինիայի գաղութի քաղաքական առաջընթացին: Չնայած վերոհիշյալ իրողությանը, տասներկու տարի շարունակ հայերն ու նրանց հետ ժամանած մյուս աշխատավորները գտնվել են ստրկանման վիճակում եւ անգլիացիների աչքում դիտվել իբրեւ «ստորակարգ օտարականներ»՝ զուրկ քաղաքացիական, տնտեսական ու քաղաքական որեւէ իրավունքներից: Ահա թե ինչու 1619 թ. Ջեյմսթաունում հայերը լեհ, գերմանացի եւ իռլանդացի աշխատավորների հետ մասնակցել են «Ամերիկայում հասարակ մարդկանց իրավունքների ընդարձակմանն ուղղված քաղաքական գիտակցված առաջին ըմբոստությանը», որը միաժամանակ հանդիսացել է Նոր աշխարհում մարդկային իրավունքների ոտնահարման դեմ մղվող պայքարում տարբեր ազգերի ներկայացուցիչների միասնականության դրսեւորման փայլուն օրինակ: Հայտնի է, որ ապստամբությունն ունեցել է «բարեհաջող ավարտ», քանի որ նույն թվին Ամերիկայում ստեղծված առաջին ներկայացուցչական ժողովը՝ Ջեյմսթաունի քաղաքացիների տունը որոշել է, որ «նրանք (ապստամբած աշխատավորները – Ք. Ա.) պետք է ազատ արձակվեն եւ լինեն ազատ այնպես, ինչպես այդտեղի բնակիչները»:

1776 թ. Ամերիկայի անկախության համար մղված պայքարում հայերի մասնակցության մասին պահպանվել է հետեւյալ հիշատակությունը: Հեղափոխության հաղթանակին նախորդող դաժան ու ցրտաշունչ ձմեռային մի գիշեր երկու խարբերդցի հայեր Վելլի Ֆորգի զինվորական իրենց պահակակետում կանգնած կարոտով վերհիշում էին իրենց հայրենիքը, երբ նրանցից մեկը մյուսին դիմում է` ասելով. «Սարգիս եղբայր, ի՜նչ հիմար էինք, որ թողեցինք մեր գեղեցիկ երկիրը, որպեսզի մահու չափ սառչենք այստեղ»: Ապստամբ գաղութների զինված ուժերի գլխավոր հրամանատար Ջորջ Վաշինգտոնը (հետագայում` 1789-1797 թթ., ԱՄՆ-ի առաջին նախագահ), որն այդ պահին հեծյալ անցնում էր, լսելով հայերեն խոսակցությունը, ձիուց ցած է իջնում եւ, մոտենալով, հարցնում. «Տղանե՛ր, դո՞ւք եւս հայ եք»: Այդ հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ նույնիսկ ամերիկյան հեղափոխությանը նախորդող տարիներին հայերեն խոսքը մատչելի է եղել վերաբնակիչների շրջանում:
Read the rest of this entry »