Կախվե՞լ, թե՞ կպչել

Վերջին մի քանի օրերի ընթացքում, ավելի հստակ ասած՝ այն օրերից հետո, երբ Վրացական կառավարությունն իրագործեց Օսետական էթնիկ բնակչության ջարդերը, թե՛ սփյուռքում, եւ թե՛ Հայաստանի Հանրապետության բնակչության շրջաններում տարածվել է մի տագնապային մտահոգություն, թե արդյոք Հայաստանը ո՞ր մի գերպետությանը պիտի կախվի։

Իմ կարծիքով, հարցը սխալ է դրված։ Կախվելը, դա արատավորության գաղափարախոսությունն է։ Հայերը պետք է իրենց մտքներից դուրս հանեն կախվելու խնդիրը։ Հայերը պետք է մտածեն, թե ու՞մ կպչեն։ Այո՝ կպչե՛լ։

Մի շատ պարզ օրինակով կարելի է համեմատել կպչելու եւ կախվելու տարբերությունը։ Հայաստանցիներն այս օրինակը լավ կհասկանան ու հույսով եմ որ այն կիրագործեն։

Երիտասարդ տարիներին, երբ առաջին ձյան հալվածքը սառչում էր մեր թաղամասի փողոցներում եւ ստեղծվում էր սառույցի շերտ, տղաներով սպասում էինք անցնող մեքենաներին, որպեսզի կպչեինք դրանց ետեւից եւ սահեինք դրանց հետ։ Երբ անցնող մեքենայի որակը լավն էր, կպչում էինք դրան ու շարժվում առաջ այնքան, մինչեւ հասնեինք հալված շլոփաներին։ Իսկ երբ անցնող մեքենայի որակը վատն էր, մենք չեինք մոտենում այդ խախուտ մեքենային, քանզի գիտեինք, որ ճանապարհի կեսին մեքենայի ետեւամասը պոկվելու էր հիմքից եւ մնալու էր մեր ձեռքում։

Հայաստանի եւ գերտերությունների համագործակցության հարցը պետք է լինի իմ բերված օրինակի կոնտեքստում։ Հակառակ դեպքում չըմբռնել, կամ չընդունել իրականությունը միշտ էլ վատ հետեւանքներ է թողնելու։ ԵՎ քանի դեռ Հայաստանը երիտասարդ է, եւ անցնում է ձմեռային սառցադաշտերով, իսկ Ռուսաստանը՝ այսօրվա դրությամբ, լավ վիճակ ունեցող, հանգիստ եւ հաստատուն ընթացող մի գերտերություն, Հայաստանին պետք է կպչել Ռուսաստանից ու սահել առաջ։

Մեզ մեկ այլ ընթացող խախուտ տերություն պետք չէ։ Քանզի դրանց հետ միշտ էլ վախ է լինելու. Բա որ ու հանկարծ ետեւամասը մնա մեր վրա՞…

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.