Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

May 15





Երեկոյան բուժ–սենյակից գնացի հիվանդանոցի բակ ծխելու։ Երկու մարդ, կլինեյին քարասունն անց, երկխոսության մեջ էին, եւ փորձում էին հասկանալ, թե ինչու եւ ինչպես եղավ, որ իրենց հարազտն ընկնելով այդ վատ կացության մեջ, հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։

– Չեմ ջոկում, թե էս փորձանքը որտեղից եկավ կպավ մեր գլխին,–ասաց նրանցից մեկն ու սիգարետի մի խորը խուլափով, տասնութ սանտիմետր այրելով, քթերից դուրս արտաշնչեց ծխի բուղը։

– Արա, բա ես էլ էդքան լոն քաշեյի էս վիճակի մեջ կընկնեի,–նոթոտ աչքերը հառած ընկերջ ծխից ճմրթված դեմքին պատասխանեց մյուսը։

– Հա՜, էդ ճիշտ ես ասում։ Էս երկրում ով որ լոն ա քաշում, հետո ընկնում ա սթրեսի մեջ։

– Արա, հիմա որ նայում եմ ետ, ինքս ինձ ասում եմ, ինչ լավ ա որ ինձ լոն չտվին,–հպարտորեն շարունակեց,–բա էդ լոնը քաշելու բան ա՞։ Հենա նայա էլի, մեր ախպերը քաշեց, քաշեց, լրիվ լոնը պրծացրեց։ Հիմա էլ որ չկա, լոմկի մեջ ա ընկել։

Mar 8





Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։

Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.

Mar 4





Feb 20





Երկուշաբթի, Փետրվար 18, 2008թ.,
Լոս Անջելես, Քալիֆորնիա, Ա.Մ.Ն.

Առաջին հանգստի ժամ. 15 րոպե կոֆեի ժամ։

– Շեֆ ջան, կըրնամ էքուց գործի չգա՞մ, հորողբորս թաղումն է,– լացակումած դեմքով գործատիրոջն է դիմում սգավորը։

– Այո,–լուրջ ու մխիթարող ձայնով շարունակում է գործատերը,–իհարեկ։ Ո՞ր հորեղբայրդ է մահացել։

– Դե էն մին ու ճար հորողբերս, օր Հալիվուդ կըմնար։

– Օ՜,–զարմացած շարունակում է հարցնել,– այն որ ծերանոցում էր ապրո՞ւմ։

– Հա շեֆ ջան, հենց էդիկ։

***

Nov 10





Մութ էր…
Սենյակումս փակված,
Պառկել ու լսում էի Բախի պաղատանքն Աստծուն։

Մութ էր,
Ու հիշեցի օրերս հին,
Երբ հայրս մոմի լույսի տակ,
Սաղմոս էր երգում Աստվածաշնչային։

Ու այդ մթության մեջ,
Հիշում եմ, ծնվում էին գյուտեր,
Գյուտարարներ էին շինվում՝ տեղի՜ն, անտեղի՜ն։

Շինվում էին մարդիկ.
Շինու՛մ էին մարդկանց՝
Անգիտակցությունից ծլած բարակ ճյուղերին,
Խելագարված ծնողների գրկերում մութ։

Հիշում եմ անակնկալ գոռոցն իմ,
Ինը վոլտանի մարտկոցից բխած,
Անգիտական փորձարկման պահին։

Հիշում եմ, ու զարմանքով խորհում,
Ինչու՞ եմ սսկվել մինչեւ օրն արդի,
Ինչու՞ չեմ ասել Ապրե՛ս,
Պարոն Լիդեռ՝ Քո՛ռ։

Ձեր շնորհիվ եմ հիշում անցյալը իմ մութ,
Մութ, բայց ջերմագին,
Մարտկոցից բխած ինը վոլտային։

Նոյեմբեր 10, 2007
Հակոբ Գեւորգյան
Լոս Անջելես, Քալիֆորնիա

Jun 26





Ժամանակներ առաջ, մոտավորապես կես տարի, աշխատում էի մի փայտի քանդակի վրա, որի հետ ունեցած զգացմունքներս առ այսօր դեռ գաղափարախոսությանս հիմքն են հանդիսանում։

Գեղեցիկ էր, երբ նկատվեց։ Կտրվեց, հեռացվեց անտառից։ Բաժանվեց մասերի՝ մանրացվեց։ Վաճառվեց մարդկանց, եւ տրվեց ինձ, որպեսզի ես նրան զարդարեմ։ Զարդարանքի պահին խոսքերս դարձան զենքեր՝ դուր–դանակներ, ուժով լցված մուրճեր… Հնազանդ էր, երբեք չմերժեց։ Ինձ տվեց այն, ինչ–որ ուզում էի ես։ Հիմա, երբ էլ ինձ մոտ չէ, հեռու անտառից ու կտրված ամենքից, անհայտ վիճակում ապրում է մի տեղ՝ անհայտ իր քոքից։ Անհայտ է վիճակը նաեւ իմ՝ քանդակողիս. ո՞վ էր տերն այս ամենի. անտառը՞, ծառը՞, կացինը՞, փողը՞ թե՞ ես։ Անհայտի տերեր ենք մենք, խեղկատակ վիճակից փախստականի պես…

May 1





Հիշում եմ մեր դպրոցը միջնակարգ, որի աջափնյա պահեստային մասում ժամանակին կոմունիստական դրոշներն ու կարգախոսերն էին պահվում։ Հենց այդ նույն դփրոցի պահեստում էլ բնակվում էին մի ընտանիք, ովքեր գաղթել էին 1988ին Սումգայիթից, հայկական երկրորդ ջարդերի ժամանակ։

Հիշում եմ ընտանիքի խեղճ վիճակը, որն այսօր միտքս եկավ եւ որն էլ դարձավ օրագրիս այսօրվա գրառումը։ ԵՎ հարցնելով ինքս ինձ, թե ինչու՞ էին նրանց բնակեցրել այդպիսի վայրում, նույն վայրում որտեղ ամեն առավոտ սիստեմատիկորեն դպրոց էին հաճախում կոմունիզմից հագեցած եւ կապիտալիզմին լավատեսությամբ լցված երիտասարդ աշակերտները։ Արդոք այդքան կարեւոր էր նոր աշխարհաքաղաքական կյանք մտած երիտասարդ սերնդին դաստիրակել՝ բացեիբաց ներկայացնելով ազգի հանդեպ վարված բռնությունների հետեւանքները։

Կարծում եմ թե սա [մութ տարիների քաղաքականության] մի մասն էր, որի ցավալի հուշերը, հստակ կարող եմ ասել՝ տհաճ զգացմունք են թողնում ծնողներիս երազանքի՝ Հայաստանի անկախացման հանդեպ։ Բայց արդյո՞ք սա էր երազանքի իրականացումը, թե սա պարզապես խաբկանքի մի նոր հայելի էր՝ ժողովրդներին քարուքանդ անելու եւ ահ ու սարսափի մեջ պահելու համար։

ԵՎ հիմա, երբ ամեն ինչ հասնում է [ժողովրդավարության] մակարդակին, ավելի ու ավելի է բացահայտվում աշխհարի ապագան։ Քաղաքականությունը համարելով միակ փրկություն, անքաղաքավարություն վայելող քաղաքական գործիչները արդեն իրենց իրական դեմքով հանդես գալով քաղաքացիների շրջաններում, իրենց երազանքները ներկայացնելով փորձում են պղտորել, Աստծու տված երբեմնի երկընտրությունը՝ ապրելու Եդեմական այգում, կամ հեռանալու այնտեղից՝ ուտելով արգելված պտուղը, այն հեռատեսորեն աղավաղելով, եւ ժողովրդների արդեն իսկ տհաճ իրականությունը ահ ու սարսափով լցնելով։

Ինչպես Թ.Է. Լորենսն էր ասում «Բոլորն էլ երազում են, սակայն ոչ բոլորի երազանքներն են միանման։ Կան երազողներ, որոնք գիշերվա երազը առավոտյան արթնանալիս համարում են լոկ դատարկություն, եւ կան վտանգավոր երազողներ, որոնք երազում են ցերեկը՝ աչկերը բաց իրականացնելով իրենց երազները։» Միգուցե եւ ճիշտ էր նա։ Ազգեր, Ժողովուրդ. Կառավարություններ, Էլիտաններ, կոչ եմ անում թողնել ձեր առաքելությունը՝ փուջ երզանքների իրականացումը. չէ որ դուք էլ այդ նույն մարդկանցից եք, որոնք ժամանակին ենթակա էին ինչ–որ կանոնադրության։

Nov 26





Masanga Այսօր առավոտյան գնացել էինք Սանթա Մոնիքա քազաքում գտնվող Գյուղացիների Շուկան, որտեղ ել նվագում էր մի հիանալի երաժշտական խումբ՝ Masanga Marimba Ensemble անվամբ։ Խմբավարը՝ Ռիք Ալվիսոն, մի հիանալի մարդ նվագումր էր Զիմբաբվեական երաժշտություն, որի ուրախ հնչյունները միանգամից բացում էին մարդու սիրտը, իսկ մարմինը սկսում էր շարժվել ուրախությունից։ Մի խոսքով, շատ ուրախացանք, մարդիկ ուրախությունից ժպտում էին եւ պարզապես բարեկամային մթնոլորտ էր առաջանում։ Մեկ գավաթ տաք կակաո ըմպելուց հետո որոշեցինք շարժվել առաջ։

Click on the image to see larger preview of the work in Getty.edu (the Getty Museum)

Ճանապարհին մտանք Getty թանգարանն ուր մի հետաքրքրի գործ տեսա։ Որտեղ առջեւում պատկերավորված է Հովսեփը, Մարիամն ու մանուկ Հիսուսը նստած վիճակում, առջեւում կանգնած է մի հրեշտակ, ներքեւում ընկած է կիսված մի նուռ, իսկ նկարի աջ կողմում հենց նույն մարդիկ եւ Հիսուսը նստած էշի վրա նայում են դեպի վերոհիշյալներին։ Գործի հեղինակն է իտալացի Ֆրա Բարտոլոմեոն (1472–1517): Ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց այն, թե ինչու են այս մարդկանց պատկերավորել երկու անգամ, եւ թե ինչու՞ է մանուկ Հիսուսի դեմքը նկարված կողքից, որտեղ էլ երեւում է նրա միայն մեկ աչքը։

Վերջապես օրը դրսում ավարտեցինք իտալական ռեստորանում, որտեղի կերած պիցայից ծեծված ստամոքսըս խնդրում է ինձ ավարտել այս գրառում ու մի լավ հանգստի անցնել։ Լավ օր էր, սպասում եմ առավել լավ օրերի։