Oct 22





Կրկեսում ներկայացում էր. ծովային առյուծը հանդիսատեսին զարմանք էր պատճառում իր վարժություններով, որոնք նա անում էր վարժեցնող վարպետի հետ միասին:

Ամեն անգամ վարժությունը լավն էր. անթերի. եւ ամեն անգամ նա, որպես պարգեւ ստանում էր կեր վարժեղնողի ձեռքից:

Հանդեսի վերջում, զարմացած մարդիկ հարցնում էին հանդեսի կազմակերպիչներին, թե ինչպես հանդիպել հանդեսավարին` կենդանուն վարժեցնող մարդուն:

Իսկ երբ զարմացածները հանդիպեցին վարժեցնողին եւ հարցրեցին, թե ի՞նչպես է այս կենդանին հետեւում նրա շարժումներին, հանդիսավարը մեկ պահ լռեց, եւ մտքում ծաղրելով հանդիսատեսին ասաց,–հիմարներ, այս կենդանին չի հետեւում իմ շարժումներին. ես եմ հետեւում նրան. աչքի խաբկանք է սա, իսկ դուք հավատացիք, հիմարներ, հիմարներ…

Mar 8





Լսում եմ Արթուր Մեսչյանի «Հաղորդություն» երաժշտությունն ու խոհում… Լսում եմ նրա պարզ բացահայտումը մի սուտ պատմության մասին, որին շատերն են դեռ հավատում։ Նա ասում է, թե ինչպես ոմանց ցուցմունքով՝ Տերը ծնվեց ախոռում, թլպատվեց ու որդեգրվեց։ Արթուրի ասածը շատ նման է իր տարեկիցների խոսքերին… հորս, ու մորս խոսքերին։ Միշտ անհայտ ու միշտ սպասողական վիճակում են մեր ծնողները։ Ո՞վ բարդեց այս փսորված ծամոնի գունդը մեր ազգի գլխին։ Ես այն գիտեմ, բայց չեմ ասի, քանզի… Քանզի, երբ լսեցի Մեսչիանին ու նրա հարցին, թե «ո՞վ է հնարել այս սուտը», հասկացա, որ սուտը հարցաքննել պետք չէ. այն արդեն բացահայտ է որպես սուտ։ Իսկ երբ սուտը բացահայտված է, ապա բողոքարկումն ու մեղանչանքը զուր են, որովհետեւ ստին կարեկցողն ինքն է դառնում զոհ ու չար գործի բաժնետեր։ Ստին պետք է հիշել որպես մղձավանջ, կամ էլ ընդհանրապես չհիշել։ Ստին պետք է նայել որպես թիթեռ չդարձած չորացած որդի ու երբեք չխառնել ներկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։ Իսկ այս ամենը հասկանալու համար, ցավոք, անհավատ մարդիք, պետք է ետ դառնան ու լսեն ստի քազցր լեզվին՝ հայացքը հառած ճպացաց աչքին, որպեսզի տեսնեն, թե ինչ են կորցնում այն պահից սկսած, երբ վերածնում են սուտը՝ կյանքեր ավիրած։

Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ.

Mar 4





Nov 10





Մութ էր…
Սենյակումս փակված,
Պառկել ու լսում էի Բախի պաղատանքն Աստծուն։

Մութ էր,
Ու հիշեցի օրերս հին,
Երբ հայրս մոմի լույսի տակ,
Սաղմոս էր երգում Աստվածաշնչային։

Ու այդ մթության մեջ,
Հիշում եմ, ծնվում էին գյուտեր,
Գյուտարարներ էին շինվում՝ տեղի՜ն, անտեղի՜ն։

Շինվում էին մարդիկ.
Շինու՛մ էին մարդկանց՝
Անգիտակցությունից ծլած բարակ ճյուղերին,
Խելագարված ծնողների գրկերում մութ։

Հիշում եմ անակնկալ գոռոցն իմ,
Ինը վոլտանի մարտկոցից բխած,
Անգիտական փորձարկման պահին։

Հիշում եմ, ու զարմանքով խորհում,
Ինչու՞ եմ սսկվել մինչեւ օրն արդի,
Ինչու՞ չեմ ասել Ապրե՛ս,
Պարոն Լիդեռ՝ Քո՛ռ։

Ձեր շնորհիվ եմ հիշում անցյալը իմ մութ,
Մութ, բայց ջերմագին,
Մարտկոցից բխած ինը վոլտային։

Նոյեմբեր 10, 2007
Հակոբ Գեւորգյան
Լոս Անջելես, Քալիֆորնիա