Armenians and the Fourth of July

The following content is taken from the Azg.am Azg Armenian Daily newspaper. It is about American-Armenians who have lived in the United States since the 16th Century and who have participated in 1776 for the independence of the United States of America.

ՀԱՅԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Նվիրվում է բրիտանական գաղութատիրությունից Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախացման 230-ամյակին (1776 թ. հուլիսի 4)

Հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներ են մեկնել անձնական, կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական եւ այլ հանգամանքներից ելնելով: Նոր երկրում կարճատեւ կամ տեւական բնակություն հաստատած հայերն սկզբից եւեթ իրենց առօրյա չարքաշ աշխատանքով խաղաղ պայմաններում նպաստել են նորաստեղծ պետության առաջընթացին, իսկ պատերազմական տարիներին նաեւ իրենց կյանքը նվիրաբերել երկրի պաշտպանության ջանքերին` մասնակցելով մղված ամերիկյան գրեթե բոլոր ռազմական գործողություններին:

Դեռեւս XVII դ. սկզբից Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ուղեւորված վերաբնակիչների թվում էին նաեւ առաջին սակավաթիվ հայերը: Այսպես, ըստ ամերիկացի պատմաբան Լ. Ադամիքի, 1607 թ. Լոնդոնի «Վիրջինիա» ընկերության կողմից Ամերիկայի հյուսիսում՝ Ջեյմսթաունում, հիմնված Վիրջինիայի գաղութը նույն թվականին բնակեցվել է լեհ, գերմանացի եւ հայ աշխատավորներով, որոնք եկել էին գաղութի «պատվար ու փրկիչ», քսանյոթամյա կապիտան Ջոն Սմիթի հետ՝ նրա հրամանատարության տակ չորս տարի Հունգարիայում թուրքերի դեմ կռվելուց հետո: Նրանք մասնակցել են նաեւ հնդկացիների դեմ գաղութատերերի մղած կռիվներին՝ նպաստելով նորաստեղծ Վիրջինիայի գաղութի քաղաքական առաջընթացին: Չնայած վերոհիշյալ իրողությանը, տասներկու տարի շարունակ հայերն ու նրանց հետ ժամանած մյուս աշխատավորները գտնվել են ստրկանման վիճակում եւ անգլիացիների աչքում դիտվել իբրեւ «ստորակարգ օտարականներ»՝ զուրկ քաղաքացիական, տնտեսական ու քաղաքական որեւէ իրավունքներից: Ահա թե ինչու 1619 թ. Ջեյմսթաունում հայերը լեհ, գերմանացի եւ իռլանդացի աշխատավորների հետ մասնակցել են «Ամերիկայում հասարակ մարդկանց իրավունքների ընդարձակմանն ուղղված քաղաքական գիտակցված առաջին ըմբոստությանը», որը միաժամանակ հանդիսացել է Նոր աշխարհում մարդկային իրավունքների ոտնահարման դեմ մղվող պայքարում տարբեր ազգերի ներկայացուցիչների միասնականության դրսեւորման փայլուն օրինակ: Հայտնի է, որ ապստամբությունն ունեցել է «բարեհաջող ավարտ», քանի որ նույն թվին Ամերիկայում ստեղծված առաջին ներկայացուցչական ժողովը՝ Ջեյմսթաունի քաղաքացիների տունը որոշել է, որ «նրանք (ապստամբած աշխատավորները – Ք. Ա.) պետք է ազատ արձակվեն եւ լինեն ազատ այնպես, ինչպես այդտեղի բնակիչները»:

1776 թ. Ամերիկայի անկախության համար մղված պայքարում հայերի մասնակցության մասին պահպանվել է հետեւյալ հիշատակությունը: Հեղափոխության հաղթանակին նախորդող դաժան ու ցրտաշունչ ձմեռային մի գիշեր երկու խարբերդցի հայեր Վելլի Ֆորգի զինվորական իրենց պահակակետում կանգնած կարոտով վերհիշում էին իրենց հայրենիքը, երբ նրանցից մեկը մյուսին դիմում է` ասելով. «Սարգիս եղբայր, ի՜նչ հիմար էինք, որ թողեցինք մեր գեղեցիկ երկիրը, որպեսզի մահու չափ սառչենք այստեղ»: Ապստամբ գաղութների զինված ուժերի գլխավոր հրամանատար Ջորջ Վաշինգտոնը (հետագայում` 1789-1797 թթ., ԱՄՆ-ի առաջին նախագահ), որն այդ պահին հեծյալ անցնում էր, լսելով հայերեն խոսակցությունը, ձիուց ցած է իջնում եւ, մոտենալով, հարցնում. «Տղանե՛ր, դո՞ւք եւս հայ եք»: Այդ հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ նույնիսկ ամերիկյան հեղափոխությանը նախորդող տարիներին հայերեն խոսքը մատչելի է եղել վերաբնակիչների շրջանում:

Հետագայում Նոր երկրում կրթություն ստացած առաջին սակավաթիվ հայերը մասնակցել են ԱՄՆ-ի միավորման համար մղված քաղաքացիական պատերազմին (1861-1865 թթ.)՝ տրամադրելով հյուսիսային բանակում մարտնչող 30 կամավոր (այդ թվում` խասգյուղցի Արմենակը) եւ զորակոչված 1 շարքային զինվոր` Խաչատուր Կարապետյան անունով: Իսկ Ֆիլադելֆիայի հիվանդանոցներում անձնվիրաբար իրենց մասնագիտական ծառայությունն են մատուցել ԱՄՆ-ում բժշկություն ուսանած շտապօգնության վիրաբույժ դոկտորներ` բժշկապետ, պոլսեցի Սիմոն Մինասյանը (նրա օգնականներն էին Նարինյանը` Զմյուռնիայից եւ Զորա Թեոդորյանը), Կարապետ Գալուստյանը, ակնեցի Պարոնիկ Հակոբ Մաթեւոսյանը (հետագայում` տպարանապետ, օսմանյան պառլամենտի անդամ): Երկրի միավորման ու խաղաղության համար մարտնչող երեւելի ու ազդեցիկ հռետորներից էր ամերիկյան հնագույն տոհմից սերված, ծագումով հունգարահայ փաստաբան ու քարոզիչ Թոմաս Քորվինը՝ Օհայոյի նահանգից, որը վարել է պետական բարձր պաշտոններ (ԱՄՆ-ի պետական գանձարանի քարտուղար, Օհայոյի նահանգապետ, երկար ժամանակ նույն նահանգի ներկայացուցիչը Կոնգրեսում, 1861 թ.՝ Մեքսիկայում ԱՄՆ-ի դեսպան):

Ամերիկահայերն անմասն չեն մնացել նաեւ 1898 թ. իսպանա-ամերիկյան պատերազմից: Գրեթե բոլոր ռազմական գործողություններին ԱՄՆ-ի զինված ուժերի կազմում իրենց հերոսական մասնակցությունն են բերել նաեւ համիդյան (1894-1896 թթ.) ջարդերից ճողոպրած եւ Նոր երկրում ապահովություն գտած բազմաթիվ հայեր: Սան Ջուանում, Հավանայում, Մանիլայում եւ այլ վայրերում մղված մարտերին հերոսաբար կռվել են բազմաթիվ հայազգի կամավորներ, շարքային զինվորներ, ինչպես նաեւ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ: Ի դեպ, Մանիլայում ծավալված գործողությունների ժամանակ ափ իջած առաջին ամերիկյան զինվորը հայ էր: Իսպանա-ամերիկյան պատերազմում աչքի ընկած հայազգի զինվորականների թվում էին ԱՄՆ-ում բժշկական կրթություն, իսկ ավելի ուշ հարյուրապետի կոչում ստացած չմշկածագցի, դոկտոր Ս. Մ. Լոնգը (Ուզունյան)` Կալիֆոռնիայից, տասնապետ Ջիմ Պետրոս Չանգալյանը` Նյու Ջերսի նահանգից եւ այլք: Վիրաբուժական իր հմտություններով ամերիկյան բանակում ծառայել է դոկտոր Միհրան Գասապյանը (հետագայում` ֆիլադելֆիաբնակ ամերիկահայ գյուտարար, որը հանրահայտ էր ռենտգենյան ճառագայթների հայտնագործման ասպարեզում՝ աշխարհում առաջնեկը լինելով եւ զոհ էր գնացել իր իսկ հայտնագործությանը):

Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918 թթ.) հազարավոր ամերիկահայեր ծառայել են երկրի զինված ուժերի կազմում` իրենց ավանդը ներդնելով հաղթանակի գործում. ի հայտ են եկել բազմաթիվ հայազգի հրամանատարներ, գնդապետներ, ծովային եւ օդային ուժերի քաջարի զինվորականներ, բացառիկ հմտության տեր վիրաբույժներ:

Հիշատակության են արժանի Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերին մասնակցած եւ ԱՄՆ-ի բարձրագույն շքանշանին, ապա նաեւ զինվորական կոչմանն արժանացած հայորդիներ Վարդան Աղաբաբյանը եւ Հայկ Շեքերջյանը: Դարասկզբին ԱՄՆ մեկնած, ծնունդով վանեցի, առաջին կարգի շարքային Վարդան Աղաբաբյանը` Սփրինգֆիլդից, Առաջին աշխարհամարտի հենց սկզբից զինվորագրվել է ԱՄՆ-ի զինված ուժեր` որպես բժշկական անձնակազմի աշխատող: Նա առավել աչքի է ընկել 1918 թ. սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայում Մյուզե-Արգոնի հերոսական պաշտպանության ժամանակ եւ վաստակել ԱՄՆ-ի երկրորդ բարձրագույն պարգեւը՝ Առանձնահատուկ ծառայության խաչ շքանշանը, դառնալով այդ պատվին արժանացած առաջին ամերիկահայը, հետեւաբար նաեւ` ամերիկահայ հերոսների նախակարապետը: Պատերազմից հետո եղել է քաղաքացիական ծառայության աշխատող, ապա մասնակցել նաեւ Երկրորդ աշխարհամարտին, վիրավորվել 14 անգամ:

Կոնեկտիկուտի նահանգի բնակիչ, իզմիթցի Հայկ Շեքերջյանը Նոր երկիր էր եկել 1891 թ.: Նա ԱՄՆ-ի Ուեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիան ավարտած առաջին հայազգի զինվորականն էր: 1917 թ. գեներալ Ջոն «Բլեք Ջեք» Պերշինգի հետ ծառայել է Մեքսիկայի սահմանում, ապա նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Հայկ Շեքերջյանը շարունակել է իր զինվորական ծառայությունը նաեւ երկու աշխարհամարտերի միջեւ ընկած ժամանակահատվածում:

Ռազմական բժշկության ասպարեզում բացառիկ ու անգնահատելի դեր է կատարել դիմային պլաստիկ վիրաբուժության առաջնեկ, մայոր Վարազդատ Ղազանչյանը, որն ամերիկյան եւ եվրոպական զորաջոկատներում ավելի քան 3000 վիրավոր ու ջախջախված դեմքեր վերականգնելու իր հմտության համար Մեծ Բրիտանիայի Գեւորգ V թագավորից պարգեւատրվել է «Ս. Միքայել» եւ «Ս. Գեւորգ» շքանշաններով: Ամերիկյան բանակի ճանաչված վիրաբույժներից էր նաեւ փոխգնդապետ Հ. Մալեջյանը:

ԱՄՆ-ի ռազմական ուժերում հերոսաբար մարտնչած բազմաթիվ հայեր արժանացել են կառավարության բարձր գնահատանքին ու տարբեր աստիճանի պարգեւների:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին (1939-1945 թթ.) ամերիկահայերը պատերազմի ամբողջ ընթացքում եւ ռազմական բոլոր գործողություններում հավասարապես մարտնչել, զոհվել եւ հաղթանակել են` հանուն որդեգրած երկրի պաշտպանության եւ համայն մարդկության ազատագրման:

Պատերազմի ամենածանր տարիներին ԱՄՆ-ի 10 միլիոնանոց բանակի կազմում, բոլոր զորատեսակներում (հետեւակ, ռազմաօդային եւ ռազմածովային ուժեր), բոլոր ռազմական գործողություններում (ասիական-խաղաղօվկիանոսյան, եվրոպական-աֆրիկյան-միջինարեւելյան, օտար ռազմաջոկատներ) ծառայել են 18.500-20.000 ամերիկահայեր (1940 թ. ԱՄՆ-ում կար ավելի քան 200.000 հայ):

Նրանք արիաբար կռվել են Փըրլ Հարբորի, Կորալյան ծովի, Միդուեյի, հյուսիսային Աֆրիկայի, Սիցիլիայի, Իտալիայի, Բիրմայի, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի եւ այլ ռազմաճակատներում:

Ամերիկահայ զինվորների մեծ մասը վերադարձել է հաղթանակով, սակայն քիչ չեն եղել նաեւ հերոսաբար զոհվածները (շուրջ 500 հոգի), վիրավորները (500-ից ավելի) եւ անհայտ կորածները (մոտավորապես 50 հոգի):

ԱՄՆ-ի կառավարությունը, բարձր գնահատելով ամերիկահայերի անմնացորդ նվիրվածությունը, խիզախությունն ու ռազմական ունակությունները, բազմաթիվ հայորդիների շնորհել է ամերիկյան բանակի ամենաբարձր աստիճաններ, պարգեւատրել բարձրագույն կարգի շքանշաններով եւ հերոսի կոչումներով:

Այսպես՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մ. Նահանգների ամենաբարձր կոչում ունեցող հայազգի զինվորականը գեներալ Հայկ Շեքերջյանն էր, որը 1942 թ. այդ կոչմանն էր արժանացել նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կողմից:

Մ. Նահանգների բացառիկ եւ ամենաբարձր պարգեւին՝ Կոնգրեսի Պատվո շքանշանին (որով ամերիկյան բանակից պարգեւատրվել էր ընդամենը 87 մարդ) արժանացել էր ամերիկյան հերոս ավագ-լեյտենանտ Էռնեստ Հ. Դերվիշյանն իր անօրինակ եւ գրեթե առասպելական խիզախության համար, որ նա ցուցաբերել էր 1944 թ. մայիսին՝ իտալական Սիստեռնա վայրում: Կատաղի ընդհարման ժամանակ կորցնելով իր մարտական ընկերներին եւ մենակ հայտնվելով թշնամական շրջափակման մեջ՝ նա կարողացել էր գերել հակառակորդի միանգամից 45 զինվորի, խլել 3 գնդացիր եւ 10 ատրճանակ:

Է. Դերվիշյանի հարազատ Ռիչմոնդ քաղաքը համընդհանուր տոն էր հայտարարել իր հերոսի վերադարձի օրը՝ այն հռչակելով «Դերվիշյանի օր»: Եվրոպական եւ խաղաղօվկիանոսյան տարբեր շրջաններում իրականացրած փայլուն ծառայության համար Է. Դերվիշյանը պարգեւատրվել է նաեւ արտասահմանյան մի շարք երկրների շքանշաններով: Պատերազմի ավարտից հետո գնդապետի աստիճանով զորացրված Է. Դերվիշյանը զբաղեցրել է ռազմական բարձր պաշտոններ. եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի փոխհրամանատար, ռազմական ու պետական տարբեր հարցերով խորհրդական:

Ամերիկահայ հերոս զինվորների թիվը չափազանց մեծ է: Անհնար է ընդգրկել բոլորին, նշենք խոշոր ճակատամարտերում առավել աչքի ընկած, առաջամարտիկ մի շարք հայորդիների, որոնցից յուրաքանչյուրն ուրույն կերպով է նպաստել հաղթանակի նվաճմանը:

1941 թ. դեկտեմբերի 7-ին Խաղաղ օվկիանոսում ամերիկյան 86 ռազմանավերի նկատմամբ Ճապոնիայի իրականացրած հարյուրից ավելի ռմբահարումների ժամանակ, որոնք եւ պայմանավորեցին ԱՄՆ-ի ներքաշումը Երկրորդ աշխարհամարտին, ամերիկացի զինվորների կողքին էին նաեւ բազմաթիվ ամերիկահայեր: Դրոշակակիր (ազդանշանորդ) Հարրի Փիլաֆյանը ծովի վրա առաջիններից է ընդունել Փըրլ Հարբորից ստացված SOS՝ փրկություն աղերսող աղետի ազդանշանը: Այդ դժվարին օրերին Փըրլ Հարբորում իր զինվորական պարտքը կատարելիս զոհվել է առաջին ամերիկահայ զինծառայողը՝ կրտսեր ենթասպա Ջեյմս Թոփալյանը (պատերազմի ավարտից հետո Բոստոնի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով):

Անչափ մեծ է եղել ամերիկահայերի նվիրվածությունն իրենց որդեգրած հայրենիքին, որ բազմաթիվ ընտանիքներ ռազմաճակատ են ուղարկել միանգամից մի քանի զավակների. զինվորագրվածների թվում շատ են եղել եղբայրներ ու քույրեր, երկվորյակներ եւ եռյակներ, ամուսիններ, հայրեր եւ որդիներ, ազգականներ:

Համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան բանակի բոլոր ռազմատեսակներում ծառայել են հարյուրավոր հայուհիներ, ընդ որում, ավելի քան քառասունը` ռազմածովային ուժերում, մյուսները` հետեւակում եւ ռազմաօդային ուժերում:

Ամերիկահայերը, առաջնորդվելով «Պարտք-պատիվ-հայրենիք» (Duty-Honor-Country) նշանաբանով, ԱՄՆ-ի զինված ուժերի կազմում իրենց քաղաքացիական պարտքն են կատարել նաեւ երկրի վարած կորեական (1950-1953 թթ.), վիետնամական (1964-1968 թթ.), ինչպես նաեւ հետագա` Պարսից ծոցի (1991 թ.), աֆղանական (2002 թ.), իրաքյան (2003 թ.) եւ մյուս պատերազմների ընթացքում: Շատերը նույնիսկ մասնակցել են մի քանի պատերազմական գործողությունների: Այսպես, Ջոն Ջերի Նազարյանը այլոց նման մասնակցել է ինչպես Երկրորդ աշխարհամարտին, այնպես էլ կորեական պատերազմին, իսկ գնդապետներ Բարրի Զորթյանը, Ջոն Կիզիրյանը, ծովային ուժերի լեյտենանտ Կարլ Գառնիկ Մանակյանը, Վիկտոր Օհաննեսյանը եւ այլք` Երկրորդ աշխարհամարտին, կորեական նաեւ վիետնամական պատերազմներին:

ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքի հերոսաբար զոհվածների եւ վերադարձածների պատվո ցուցակներում մշտապես կարելի է հանդիպել հայկական անունների:

Այսպիսով, ամերիկյան էթնիկ խումբ կազմող ԱՄՆ-ի հայությունը, Նոր երկրում հաստատվելուց ի վեր, մշտապես արձագանքել է երկրին սպառնացող վտանգներին, ինչպես նաեւ ռազմական գրեթե բոլոր գործողություններին: Ամերիկահայերն իրենց կյանք-արյունով արժանավոր եւ գնահատելի ավանդ են ներդրել իրենց որդեգրած հյուրընկալ երկրի ազատության եւ անկախության պահպանման ու հարատեւման գործին:

ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Վերցված է Ազգ օրաթերթի հետեւյալ կայքէջից http://azg.am/?lang=AR&num=2006070424


Posted

in

by

Tags:

Comments

7 responses to “Armenians and the Fourth of July”

  1. maestro Avatar
    maestro

    Բարեւ Հակոբ,

    Տեսնում եմ վերջերս հաղորդագրութուններ չունես այցելուներից:
    Կարծում եմ պատձառն քո բլոգերի ծավալի մեջ է, որ վերջերս ավելի շատ նմանեցնում են
    օրագրի էջերի:

    maestro

  2. Հակոբ Գեւորգյան Avatar

    Մաեստրո ջան,

    Սա նոր գյուտ է։ Այսպես օրինակ, Վեբ–Ստատիստիկան երբ նայում եմ, տեսնում եմ, թե որքան մարդ է այցելել եւ դրանցից որքանն են երկար մնացել իմ էջերում։ Կարող եմ ասել, որ կարդացողներ, կամ գլուխ չհանողներ կան, եւ ամենա լավագույնը այն է, որ պատասխանողներն են քիչ։ Թե չէ, էս Դեյտաբեյսը այնքան տեղ կգրավեր, որ էլ ասելու չէ։ Իհարկե, ես չեմ ասում, որ չգրեն։

    Նաեւ իրական է քո ասածը։ Իրոք նմանեցնում եմ օրագրի… Քանզի դա է միակ ձեւը, որ կկարողանամ ազատ–խոսել ու ոչ ոքից էլ կախում չունենալ։ Չնայած էս վերջերս շատ բաների մասին կարելի էր խոսել, բայց լռելն էլ վատ արձագանքի ձեւ չէ։

  3. Siranoush Soukiassian Avatar
    Siranoush Soukiassian

    Barev Hakob,

    I really like your thoughts and the manner in which you express them. I guess I should’ve known that the humor and the wittiness runs in the family! … well, just wanted to say hello and say that I also like your website. Shat jhashakov e.

    PS. I’m not sure if I wrote in the correct place. It seems that my message has nothing to do with the above :)

  4. Հակոբ Գեւորգյան Avatar

    Barev Siranoush, :)

    Thanks for the compliments. I know that your comments were about the Glenoaks story. And yeah, it\’s sad but it\’s a quite funny story. :)

    Thanks again!

  5. maestro Avatar
    maestro

    This is all great. Just in my opinion recent blogs look too long and for somebody who values his time it gets difficult to thoroughly read and understand presented material. I think about blogs as some short and popular representation of someones thoughts, ideas and the point of view to different aspects of our life. And I do not expect a long retelling of some story or article that blogger wants to attract readers attention to.
    I love the author and greately appreciate his efforts though.

  6. Էռւին Յակոբեան Avatar

    Շատ ուրախ եմ բախտն ունեցամ այցելելու մի հայերէն վեբ լագ, որ իր մէջ է պարունակում հետաքրքիր թեմաներ:Իսկապէս հայերէն վեբ լագների պակասը զգալի է ինտերնետում

  7. Հակոբ Գեւորգյան Avatar

    Հարգարժան Էռւին,

    Ի շնորհիվ ձեր բարեմաղթանքներում հասցեագրված հղմանը, ես նույնպես գտա մի նոր հայագիր վեբլոգ, այն է՝ ձէր բլոգը։ Ես այն կտեղադրեմ իմ կայքի «Հայագիր Օրագրեր» բաժնում։

    Նորից, շնորհակալություն բարեմաղթանքների համար։

Leave a Reply